Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը կոչ է արել ТАСС լրատվական գործակալությանը ներողություն խնդրել ծովանկարիչ Իվան Այվազովսկու հուշարձանի քանդման մասին հաղորդագրության մեջ Ստեփանակերտ հին անվանման հիշատակման համար։ Գերատեսչությունն ակնկալում է, որ գործակալությունը կկատարի համապատասխան ուղղումներ, հակառակ դեպքում, «կձեռնարկվեն համապատասխան միջոցներ»՝ կապված Ադրբեջանում ТАСС-ի գործունեության հետ։               
 

Կողոպուտ (ճամփորդական)

Կողոպուտ  (ճամփորդական)
24.03.2025 | 18:53

Ինձ կողոպտեցին աշնան մի տաք օր

ելուզակները՝ ծանոթ ու դրսեկ, նրանց հետ էին

եւ ներսում ծլած, կամավորական գողեր ու գյադեք,-

քրթմնջում էին, բարբաջում անհերթ

դավահունչ տոնով, ժարգոնով տխեղծ,

գուժկան դաջվածքներ կային դիմազուրկ նրանց դեմքերին:-

Ես անցնում էի ժամանակների թավիշ փեշերով,

խարկված ու ճողված օրերի միջով քայլում էի ես,-

ուսապարկիս մեջ հաց ու ջուր էր եւ մի սրբանկար

ու մի հին մատյան.- կանգ էի առնում սիրո խորաբուխ

ակունքների մոտ, մինչեւ տենչանքիս ծայրը լվացվում

եւ նոր փայլակ ու վին էի փնտրում իմ ոգու համար,-

ճանապարհները ես զգում էի

իմ երակների ձգվածության չափ:-

Վաղուց միայնակ ճամփորդ եմ, մեկ-մեկ

տարածությունը ավտոկանգով եմ հատում ուղղակի,

բայց երանելի ափեր եմ հասնում քայլերով անբեկ:

Հիմա կանգնած եմ ավարված ու ցից,-

ու մե՛կ է, դարձյալ, աշխարհի համար, թե անարգները

ինչպես են կորզում ավյուն ու արյուն արդար Է-երից…

Վե՛րջ: Վիճակվա՛ծ է - ես ետ եմ դառնում՝

այնտեղ, ուր մի օր կողոպտեցին ինձ,

իմ բաճկոնի տակ դաշույն կա հիմա եւ մի արծաթ խաչ,-

էն վանդալներին հիշում եմ հատ-հատ, նաեւ՝ ընչաքաղց

շարժմունքը նրանց եւ ցնծությունը խավարասածիլ,-

վերադառնում եմ տեղն այն անմոռաց,

ուր պիտի սրբվեմ աշխարհի, Աստծո եւ հոգուս առաջ:

13.03.2025

Հրանտ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 5704

Մեկնաբանություններ